Загрузка страницы

«Սասուն» անսամբլ - Համշենի մանի (Armenian folk)

Երիտասարդ տղայի և աղջկա պարերգ է՝ ավանդված Համշենի հայությունից: Կատարում է «Սասուն» անսամբլը: Մենակատարներ՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան և Հեղինե Ավդալյան:
Սա երիտասարդ տղայի և աղջկա զուգերգ է: Առաջինը երգում է տղան՝ կատարելով գրեթե նույն քառյակը, ինչ հնչում է հարսանեկան երգի վերջում: Նա, դիմելով աղջկան, ասում է, որ մանգաղները սրել և ցորենը քաղել է արդեն, որից հետո աղջկա սիրուն ճակատին ոսկե զարդեր է շարել: Հնում հարսանիքներն անում էին աշնանը, երբ դաշտային աշխատանքներն ավարտել էին և տունը լիքն էր բերք ու բարիքով: Ահա, այս տղան էլ հայտնում է, որ ինքը ևս դաշտային աշխատանքներն ավարտելուց հետո արդեն պատրաստ է ամուսնանալուն:
Աղջկա խոսքից իմանում ենք, որ տղան ձիով էր եկել իր մոտ՝ սիրո և ամուսնության առաջարկ անելու: Նա տղայից խնդրում է նրա ձեռքի թասը, որի մեջ հավանաբար ջուր է, և խոստանում է՝ մի փոքր էլ հասակ առնելուց հետո ամուսնանալ նրա հետ: Մեկը մյուսի ձեռքից ջուր վերցնելու խորհրդանիշը կա նաև կապված Սուրբ Սարգսի տոնի հետ: Ըստ ժողովրդական հավատալիքի, եթե այդ օրվա գիշերը երազում տեսնես, թե մեկը քեզ ջուր է տալիս, ուրեմն կամ նրա հետ կամուսնանաս, կամ նրա ազգականի:
Տղան պատասխանում է, որ ինքը հասկացավ աղջկա միտքը. նրա կարծիքով՝ այդ պատճառաբանությունը աղջիկը բերում է, որովհետև սիրած տղա ունի և չուզելով այս տղային կտրուկ մերժել, նրան հորդորում է սպասել, իսկ այդ ընթացքում նա կամուսնանա իր սիրած տղայի հետ:
Դրանից հետո աղջիկը գնում է գետի այն կողմը՝ իբր թե չարուխները լվալու, սակայն իրականում դրա պատրվակի տակ նա գնացել էր իր յարին՝ մեր այս երգի հերոսին տեսնելու նպատակով, որպեսզի վերջինսիս կասկածները փարատվեն, թե ինքն ուրիշի է սիրում՝ կարևորություն չտալով, թե ինչ կխոսեն մարդիկ: Նա դիմում է ներկաներին, որ լուր տանեն իր յարին, թե իր բոյն արդեն նրա բոյին է հասել: Չէ՞ որ սկզբում, տղայի ձեռքի թասը խնդրելով, խոստացել էր, որ մի քիչ էլ մեծանա, կամուսնանա նրա հետ:
Եվ այդտեղ՝ շաբաթ օրվա գիշերը տղան ու աղջիկը փախչում են միասին և ամուսնանում:
Երգի խոսքերը՝

Մոնգաղները սըրեծի
Ցորինները քաղեծի
Աղճիկ, քու սիրուն ճակտիդ
Օսկիները շարեծի:

Աս սարը մեզի մեզի
Ծիավոր, մեռնիմ քեզի
Տուր ծեռկիդ թասը ինձի
Մենձընոմ գառնում քըզի:

Աղճիգ իս սեվուկ մազով
Վառիս կու սիրդս նազով
Ես քու միտկդ հասկընծա
Սիրաձ ունիս մուրազով:

Կեդին ընտին կնածի
Չարուխնիս լվածի
Էլի խոսկի չաշեծի
Յարիս դեսնուշ կնածի:

Ինավիրի փշերը
Սեվ աղճըկոն թշերը
Աջապ գայնոմ փախծընիլ
Շապատ օրվոն կիշերը:

Սարը սարին հասաձ ա
Սարին ղոմիշ պուսաձ ա
Խաբար արեկ իմ յարին
Բոյըս բոյին հասաձ ա:

Աղճի Մայրոմ, վար արի
Ջուղտ մը խաղող առ արի
Ես աղճիկ իմ, տուն դղա
Էրգուսս ալ մեգ կեղա:
Մոնգաղ - մանգաղ:
Կեդին - գետի:
Ընտին - (անդին) այն կողմը:
Էլի - օտար:
Դեսնուշ - տեսնելու:
Ղոմիշ - ղամիշ, եղեգն:
Խաբար – թրք.՝ haber, լուր, տեղեկություն:
Էրգուսս ալ մեգ կեղա – երկուսս էլ մեկ կլինենք: Նման արտահայտություն հայտնի է Աստվածաշնչից. այր և կին մեկ մարմին:

Երգի խոսքերը տրամադրեց «Սասուն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Видео «Սասուն» անսամբլ - Համշենի մանի (Armenian folk) канала Arshak Adamian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
28 июня 2016 г. 20:15:08
00:02:50
Яндекс.Метрика