Загрузка страницы

Araqs Mansouryan - Akna Antouni (Armenian folk song)

Armenian folk song "Antouni" from Akn (today in Turkey). Sings Araqs Mansouryan.
Մեղեդու գրառումը՝ Կոմիտասի: Երգում է Արաքս Մանսուրյանը:
Հայ ժողովրդական «անտունիներ» շարքի երգ է՝ ավանդված Ակն քաղաքից: Տեքստը գրառել է բանահավաք և ազգագրագետ, Հովսեփ Ճանիկյանը (1840-1902), որը ծնունդով հենց ակնեցի էր: Նա յոթ տարեկան էր, երբ տեղափոխվել է Թիֆլիս, սովորել Ներսիսյան դպրոցում: Ավարտելուց հետո վերադարձել է Ակն և զբաղվել մանկավարժությամբ ու բանահավաքությամբ: Իր հավաքչական երկարամյա գործունեության արդյունքում 1895 թվականին լույս է ընծայել «Տնութիւնք Ակնա» ժողովածուն, որը հարուստ նյութ է պարունակում Ակն քաղաքի ազգագրության, բանահյուսության և բարբառի մասին: Ժողովածուին կցվել է նաև Կոմիտասի ձայնագրած և հայկական ձայնանիշերով նոտագրած Ակնա 25 ժողովրդական երգ (օրոր, անտունի, հարսանեկան, համբարձման, պանդխտության, թաղման մեղեդիներ ու պարեղանակներ), որոնցից մեկն էլ այս անտունին է։
Ինչպես գրում է Ռ. Աթայանը (Կոմիտաս, երկերի ժողովածու, հտ. 9), «անտունի»-ները միջնադարի գուսանական քնարական երգի հիմնական տեսակներից է: Անտունիների բանաստեղծությունները, որպես կանոն, հայրենների տաղաչափությամբ են: Հայրենների և անտունիների կերպարային կարգերը ևս ընդհանուր շատ բան ունեն, անտունիները ժամանակի ընթացքում հենց հայրեններից են ճյուղավորվել: Ի՞նչն է դրանց տարբերությունը, և ի՞նչ է նշանակում «անտունի»:
Տարբեր տեսակետներ են եղել: Մեկն այս է. այն դեպքում, երբ հայրեններում քառատող կամ նույնիսկ ութտող միությունները որոշակիորեն տուն են կազմում, և այդպիսի տունը մի ամբողջություն է՝ մի հայրեն, անտունիներում, որ համեմատաբար ծավալուն շարադրանք ունեն, նույնպիսի կապակցությունները մեծ մասամբ ավարտուն ամբողջություններ չեն, «տուն» չեն կազմում, և այս առումով «անտունին» տների չբաժանված հայրեն է, այստեղից էլ «անտունի» անվանումը, թերևս՝ նաև «անտունի հայրեն» արտահայտությունը:
Կա, սակայն, և այլ տեսակետ. քանի որ այդ երգերն առավելապես վերաբերում են պանդուխտներին, ուստի «անտունին» սկզբնապես եղել է երգ կամ բանաստեղծություն անտուն, անօթևան, պանդուխտ մարդու մասին, իսկ հետագայում այդպես անվանել են նաև այլևայլ բովանդակություն ունեցող, կառուցվածքով համանման երգեր ևս:
Անտունիները ևս միջին տեղ են բռնում հոգևոր տաղերի-մեղեդիների և ժողովրդական ծորուն երգերի միջև, բայց մոտիկ են առաջիններին: Կոմիտասն անտունին տեղադրել է ժողովրդական այն երգերի շարքում, որոնք «տևական ու դիմացկուն են դարերով և ամուր կապված են ժողովրդական սովորությունների ու ավանդությունների հետ: Բայց, որովհետև բարդ են, գյուղացիներից շատերին անմատչելի են: Այժմ իմացողներին մատով են ցույց տալիս»:
«Կոմիտասի «Ակնա շար»-ի այս անտունիի բովանդակությունը երիտասարդ պանդուխտի վերադարձն է հայրենի երկիր, - շարունակում է Ռ. Աթայանը, - ուր, ջրի ափին, նա հանդիպում է տանը թողած իր գեղուհուն, որը, տարիներ անցած լինելու պատճառով, սկզբում չի ճանաչում նրան: Հետո, երկարատև սիրային զրույցի ընթացքում, գեղուհին ևս ճանաչում է իր սիրեցյալին, և նրանց մնում է վայելել սիրո քաղցրությունը»:
Տեսնենք՝ ինչպես է դա արտահայտվում երգի խոսքերում. երգողը մեզ պատմում է, որ աղջիկը, խիստ ծարավ զգալով, նստել էր աղբյուրի մոտ, երբ մի կտրիճ տղա, սիրուց մղված, մոտեցել էր իր հետ զրուցելու: Ինչպես երևում է, տղան իսկզբանե ճանաչել էր նրան, իսկ աղջիկը՝ դեռ ոչ: Մոտ գալով, տղայի սիրտն այնպես էր փոթորկվել, որ ինչ ասելիքը մոռացել էր: Իսկ աղջիկը, դեռևս չճանաչելով իր «քաջ կտրիճին» և նրան դիմելով, հարցնում է, թե նա ինչ է փնտրում այս կողմերում: Տղան պատասխանում է, որ իր դարդին դարման անող հեքիմ է փնտրում, քանի որ ինչ արել է, միայնակ չի կարողացել հնար գտնել: Եվ այստեղ աղջիկն արդեն ճանաչում է իր սիրեցյալին և ուրախությունից ժպտացող դեմքով ասում, որ տղան թող չվախենա իրեն վստահել իր դարդի բուժումը:
Երգի խոսքերը՝

Հա՛ յար, հա՛ յար,
Աղվոր մի ծարվութենեն, հա՛ յար,
Նստեր էր ջրին վրա, հա՛ յար:
Կտրիճ մը անոր սիրուն
Գնաց ի դեմ խոսելու,
Նստավ ու սևտան ինկավ,
Մոռցավ ինչ բան խոսելու:

Ըսավ.- Խահրըման կըյիճ,
Դուն ի՞նչ ժուռ կուգաս աս տեղը:
Ըսավ. - Քի տերտիս համար
Ժուռ կուգամ հեքիմ բռնելու,
Ինչ արի, չէղավ տերման,
Հոս եկա՝ հեքիմ բռնելու:
Ըսավ. - Քի տերտըդ ի՞նչ է,
Մի վախնար ըռընտցընելու:
սևտան կամ սևդան ինկավ - սիրահարվեց
խահրըման կըյիճ - դյուցազն, հերոս կտրիճ
ի՞նչ ժուռ կուգաս աս տեղը - ինչո՞ւ ես ման գալիս այս տեղերում
տերտ - դարդ
հեքիմ - սնոտիապաշտական արարողություններով և միջոցներով
բժշկություն անող մարդ
տերմեն - դարման, հնար
ըռընտալ կամ ռնտալ - առողջանալ, լավանալ, ըռընտցընել - բուժել,
առողջացնել

Видео Araqs Mansouryan - Akna Antouni (Armenian folk song) канала AYGABER
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 ноября 2020 г. 18:04:44
00:02:46
Яндекс.Метрика